Երեւանի գլխավոր եւ երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաեւ գրունտային  ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 խաղադաշտերի կառուցման ծրագիրը:  34 շենքերի ճակատային մասերի մաքրման, ներկման աշխատանքներից 14-ում գործընթացն ավարտվել է: Մայթերի սալիկապատման մասով աշխատանքներն ավարտվել են Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում եւ Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաներում, Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան եւ մի շարք այլ փողոցներում: Ծրագրով նախատեսված 26.000 հազար քմ-ից առաջին կիսամյակում սալիկապատվել է 15500 քմ-ն: Ընթացքի մեջ են նախատեսված 3 նոր այգիների կառուցման աշխատանքները:

Թվով 2 առողջապահական հիմնարկներից  9-րդ մանկական պոլիկլինիկայում ջեռուցման  ցանցի տեղադրման եւ նորոգման աշխատանքները շարունակվում են, իսկ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում ծրագիրը կմեկնարկի եւ կավարտվի 3-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են նաեւ թվով 16 գրադարանների ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները, որոնցից 6-ում դրանք ավարտվել են, մնացած 10 գրադարաններում  կավարտվեն սահմանված ժամկետներում: Նախատեսված է 2 թանգարանների ջեռուցման ցանցերի անցկացման ծրագիր, որոնցից Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, «Էրեբունի» պատմամշակութային արգելոց– թանգարանում աշխատանքները կսկսվեն 3-րդ եռամսյակում:

Թվով 4 երաժշտական եւ արվեստի դպրոցներում շարունակվում են ջեռուցման ցանցի կառուցման եւ 2 մշակութային տների հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաեւ թվով 27 ՆՈՒՀ-երի հիմնանորոգման ծրագիրը, որը կավարտվի 3-րդ եռամսյակում: Շարունակվում են նաեւ  Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի թվով 29 շենքերի գազիֆիկացման աշխատանքները: