Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն եւ քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:
ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների եւ հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:
Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:





























