Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին:

«Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների եւ այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, եւ քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք», - նշել է կառավարության ղեկավարը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետի հանձնարարությամբ ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Մասնավորապես, քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի եւ ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ եւ նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու եւ լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ: