Հիրոսիմայի ողբերգությունը չպետք է կրկնվի: Այս գաղափարին էր նվիրված հուլիսի 18-ին կայացած Երեւան-Տոկիո-Հիրոսիմա հեռուստակամուրջը, որը կազմակերպվել էր հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ:

Հիրոսիմայից հեռուստակամուրջին մասնակցում էին Խաղաղության թանգարանի տնօրեն Յասուոսի Կոմիզոն եւ Հիրոսիմայի ռմբակոծումը վերապրած 82-ամյա Կաջիմոտո-սանը: Երեւանից մասնակցողների թվում էին «Հիկարիի» ներկայացուցիչները, ճապոներենի մասնագետներ, Երեւանում սովորող ճապոնացի ուսանողներ, պարզապես մարդիկ, ում Ճապոնիան հոգեհարազատ է: Հեռուստակամուրջի մասնակիցներին ողջունել է  Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը, որը միացել է Տոկիոյից:

Հեռուստակամուրջի մասնակիցներին դիմելով՝ Հիրոսիմայի Խաղաղության թանգարանի տնօրեն Յասուոսի Կոմիզոն ընդգծել է երկու երկրների երիտասարդների միջեւ կապերի ամրապնդման կարեւորությունը: Ոչ պակաս կարեւոր է այն, որ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, հիշեն Հիրոսիմայի ողբերգությունը, պայքարեն ընդդեմ միջուկային զենքի տարածման, խաղաղություն քարոզեն:

Կաջիմոտո-սանի պատմությունը, թե ինչի միջով է անցել ինքը՝ 14-ամյա աղջնակը Հիրոսիմայում, մասնակիցները արցունքն աչքերին են լսել:  Վերջում հայ երեխաները ճապոներեն երգել են «Հայրենիք» երգը:

2005թ. «Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանի նախաձեռնությամբ հայ երեխաները պատրաստել եւ  Հիրոսիմա էին ուղարկել ճապոնական ավանդական լապտերիկներ՝ ի նշան վշտակցության: Այդ օրվանից ակցիան դարձավ ամենամյա, միացան նաեւ այլ երկրների երեխաներ: Նախորդ տարի հայկական պատվիրակությունը մեկնել էր Հիրոսիմա, հայ երեխաներն անձամբ էին լապտերիկներ հանձնել:

Այս տարի Հիրոսիմա կուղարկվի 68 լապտերիկ՝ ողբերգությանը հաջորդած տարիների թվով: