Կաջիմոտո-սանը 82 տարեկան է, եւ 14 տարեկանում վերապրել է Հիրոսիմայի ռմբակոծությունը: Այդ օրերի պատկերները մինչ օրս նրա աչքերի առջեւ են:

Հայ-ճապոնական «Խիկարի» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի  18-ին Երեւան- Տոկիո- Հիրոսիմա հեռուստակամուրջ էր կազմակերպել, որի պատվավոր հյուրը Կաջիմոտո-սանն էր:

«Օգոստոսի 6-ը շատ պարզ օր էր, երկնքում անգամ ամպի կտոր չկար: Ես գնացի գործարան, պատերազմական այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցականներն աշխատում էին գործարանում: Այն  2,3 կմ հեռավորության վրա էր պայթյունի էպիկենտրոնից:

Լուսամուտից ես վառ կապույտ բռնկում նկատեցի, եւ անմիջապես հասկացա, որ ռումբ պայթեց: Պայթյունը ցնցեց գործարանը, ամեն ինչ սկսեց քանդվել, եւ ես կորցրեցի գիտակցությունս:

Ուշքի եկա ուսի ցավից, կողքիս ընկերներիցս մեկն էր: Երբ մեզ հաջողվեց դուրս գալ փլատակների տակից փողոց, մենք չկարողացանք ճանաչել այն: Ամենուրեք մթություն էր,  երկինքը չէր երեւում: Շուրջը մութ էր, լուռ եւ ահավոր հոտ էր տարածվել: Ինչ- որ մեկն ասաց` «Հիրոսիման այլեւս չկա»:

Փլատակների տակ շատ մարդիկ կային: Մենք նրանց օգնում էինք դուրս գալ: Մեր ուսուցիչը ինչ –որ տեղից պատգարակ գտավ, եւ մենք շենքերից հանում էինք մարդկանց:

Քաղաքի կենտրոնից մարդիկ էին գալիս: Դրանք մարդ-ուրվականներ էին, կիսայրված, մաշկի կախված կտորներով: Մի տղա մի ձեռքով բռնած բերում էր կտրված մյուս ձեռքի կեսը: Նա մահացավ իմ աչքերի առջեւ: Մի կին էր վազում մահացած նորածինը գրկում, նա խելագարվել էր: Մարդիկ ջուր էին խնդրում: Այդ միտքը` ծարավից մեռնող մարդկանց, իր արտացոլումն է գտել Հիրոսիմայի հուշահամալիրում. այնտեղ շատ ջուր կա:

Մենք գնացինք քաղաք: Ամենուրեք, ամեն քայլափոխի, զոհվածների մարմիններ էին: Մենք փորձում էինք շատ զգույշ քայլել, որ չտրորենք մարդկանց մարմնի մասերը, սակայն երբեմն չէր ստացվում: Դա սարսափելի զգացողություն էր` իմանալ, որ դու ինչ-որ մեկի մարմնի կտորն ես տրորում: Ես երբեք չեմ մոռանա այդ զգացողությունը: Դա իսկական դժոխք էր: Ես երբեք ոչ ոքի չեմ ցանկանա նման բան վերապրել:

Գիշերը մենք անցկացրեցին գետի ափին: Ես լաց էի լինում` հիշելով ընտանիքիս: Հաջորդ առավոտյան քաղաքում այրում էին դիակները, եւ Հիրոսիմայի վրա սպիտակ ծուխ էր: Ողջ քաղաքը վերածվել էր դիակիզարանի: Դա սարսափելի էր, սակայն այլ ելք չկար, եղանակը տաք էր, եւ դիակներն սկսվում էին քայքայվել:

Գետը նույնպես մարդկանց եւ ձիերի մեծաքանակ դիակներ էր տանում:

Երրորդ օրը ես իմացա, որ քաղաքի այն հատվածը, որտեղ բնակվում էր իմ ընտանիքը, անվնաս է մնացել: Ես անմիջապես գնացի, ճանապարհին հանդիպեցի հորս, նա գրկեց ինձ ու սկսեց լաց լինել:

Ողջ օգոստոսը ես պառկած էի, վիրավոր ուսը փորձում էին բուժել:

Իսկ մեկուկես տարի անց ճառագայթումից մահացավ հայրս:  Նա հավանաբար ճառագայթահարվել  էր` ինձ որոնելու ժամանակ:

Մի քանի տարի առաջ ինձ մոտ նույնպես ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել,  վիրահատվեցի: Իմ շատ ընկերներ են հիվանդացել քաղցկեղով:

Մեկ ռումբի պայթյունի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավոր երեխաներ որբ դաձան:

Հիմա աշխարհի  9  երկրում ավելի քան  20 հազար միավոր միջուկային զենք կա, որոնք հզորությամբ մի քանի անգամ գերազանցում են Հիրոսիմայում պայթած ռումբին: Եթե հանկարծ այդ զենքը հայտնվի ահաբեկիչների ձեռքին, մոլորակը պարզապես կարող է անհետանալ: Նման բան չպետք է կրկնվի: Ուստի ես բոլորին խաղաղություն եմ ցանկանում: Երջանիկ եղեք»: