Արտագաղթի դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, ԱԺ-ում մի քանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։

Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցություն է հայտնել ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ»,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», - ասել է Էդուարդ Շարմազանովը։

Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից եւ այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա։ «Պետք է խորացնել մեր հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի հետ,- նշել է ԱԺ փոխնախագահը։