Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը փակել է Կրեմլի հարեւանությամբ գտնվողն տարածքը, այդ թվում՝ Մանեժնայա հրապարակը, որտեղ բողոքի ակցիա է նախատեսվում ի պաշտպանություն ձերբակալված Ալեքսեյ Նավալնիի: Ոստիկանները բարձրախոսով զգուշացնում են, որ «մուտքը Կարմիր հրապարակ փակ է տեխնիկական պատճառներով»: Մետրոյի «Օխոտնի ռյադ» կայարանից մուտքը նույնպես փակ է:
Նշվում է, որ Ալեքսանդրովյան այգին փակ է «տեխնիկական պատճառներով», որտեղից դուրս են հանում վերջին այցելուներին: ՕՄՕՆ-ականները ռադիոկապով իրար հաղորդում են. «Սկսում ենք կամաց դուրս հանել մարդկանց», հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», ի պաշտպանություն Նավալնիի սպասվող բողոքի ակցիայի պատճառով, առավոտից մետաղական արգելափակոցներ են տեղադրվում այդ տարածքում: Վերջին տեղեկություններով՝ Մանեժնայա հրապարակում բազմաթիվ բեռնատարներ են կանգնած:
Ավելի վաղ ոստիկանության աղբյուրը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է, որ ոստիկանությունը տեղյակ է սպասվող բողոքի ակցիաների մասին: Աղբյուրն ընդգծել է, որ «չարտոնված ակցիա անելու յուրաքանչյուր փորձ կկանխվի գործող օրենսդրության համաձայն»:
Հիշեցնենք, որ այսօր Կիրովի դատարանը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:




























