Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ոստիկանները ձերբակալել են երեք մարդու, հաղորդում է լուսանկարիչ Իլյա Վարլամովը: Նրանցից մեկի մոտ, ըստ Վարլամովի, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի քարոզարշավի թռուցիկներ են եղել: «Ինտերֆաքսի» տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները Նավալնիի կողմնակիցներ են: Գործակալությունը հավելել է, որ ձերբակալվել է նաեւ բժշկական դիմակով մի կին:

Որոշ լրատվամիջոցների թղթակիցներ նշում են, որ ձերբակալությունները շարունակվում են: Ակտիվիստները փակել են փողոցի մի մասը:

Ականատեսների փոխանցմամբ՝ ոստիկանները սկսել են մաքրել հրապարակը: ՕՄՕՆ-ականների շղթան կամաց-կամաց մարդկանց քշում է դեպի Տվերի փողոցի կողմը, Twitter-ում գրել է «Կոմերսանտ FM»-ի թղթակից Ալյոնա Գրեբնյովան:

Տարբեր տվյալներով՝ «Մոսկվա» հյուրանոցի մոտ հավաքվել է 200-500 մարդ, նրանց թիվն անընդհատ աճում է:

Ոստիկանները հայտարարում են, որ Կարմիր հրապարակը փակ է մինչեւ կեսգիշեր: «Դոժդ»-ի թղթակից Իլյա Վասյունինին հրելով մի կողմ են տարել ներքին զորքերի զինվորները, ինչը տեղի է ունեցել գրեթե ուղիղ եթերում:

Ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի բողոքի ակցիան Մանեժնայա հրապարակում նախատեսված է ժամը 19:00-ին: