Ես օժանդակություն եմ ակնկալում Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու սիրահայերի համար Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնումը: Այս մասին, Երեւանում, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը նշել է. «Հայ-բրիտանական հարաբերություններում նշանակալից ավանդ ունի Մեծ Բրիտանիայի հայ համայնքը: Մենք ունենք հայեր, ովքեր շատ ակտիվ եւ փայլուն են իրենց դրսեւորում Անգլիայի հասարակական, քաղաքական, գործարար եւ մշակութային կյանքում: Մեր հանդիպման ընթացքում ցանկանում եմ քննարկել սիրիահայերի հարցը, որը շատ կարեւոր է եւ հրատապ: Այսօր սիրիահայերը ի թիվս այլ խնդիրների ունեն առավել հրատապ խնդիր՝ դա նրանց կացարան ունենալու հարցն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք է տրամադրվել «Նոր Հալեպ» անվամբ թաղամաս հիմնելու համար: Բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ: Սակայն միայն կառավարության կողմից հատկացվող եւ սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10 000 սիրիահայերի եւ միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել եւ օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը: Հուսով եմ իմ խնդրանքն ու կոչը անարձագանք չեն մնա»:
Իր հերթին Քեթրին Ջեյն Լիչին նշել է. «Շնորհակալ եմ ընդունելության համար: Կարծում եմ, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը կարեւոր է: Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ օժանդակել են սիրիացիներին, եւ Հայաստանում ապրող սիրիահայերն էլ ունեն նման օգնության կարիք: Հուսով եմ կկարողանանք օգնել նրանց: Ես հասկանում եմ, որ սա կարեւոր քաղաքականություն է եւ իսկապես լուրջ ներդրումների կարիք ունի»:
Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը Քեթրին Ջեյն Լիչին նվիրել է «Անի 1050» գիրքը:





























