Թեեւ Երեւանի քաղաքապետերանը 2006 թվականից մինչեւ հիմա քաղաքում ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չի տրամադրել, սակայն Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար գազալցակայան է կառուցվել: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված իր նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը:
Նամակում մասնավորապես ասվում է. «...Նշվում է, որ 2006թ.-ից մինչեւ ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Սակայն ի գիտություն Ձեզ հայտնում եմ, որ այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է ապօրինի՝ համաձայն Ձեր տրամադրած տեղեկատվության, ահռելի գազալցակայանի կառուցում: Անհայտ է դրա կառուցապատողը, քանի որ բացակայում է օբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն հայտնող վահանակը»: Նշենք, որ Երեւանի գլխավոր հատակագծում եւս շինությունը բացակայում է:
Այս նամակին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը հայտնել է. «...Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված հատվածին՝ ներկայումս որեւէ կառուցապատման գործընթաց տեղի չի ունենում»: Սակայն կառույցը փաստացի առկա է:
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք հաստատում են՝ վերոնշյալ հասցեում արդեն ավարտին հասցված ապօրինի կառույցի առկայությունը»:





























