Թուրքիայի ռազմական դատարանը հուլիսի 19-ին չեղյալ է համարել ռազմական հրամանատարության որոշումը, որի համաձայն բանակից հեռացվել է այն սպան, որը կուրսանտների ցույց է տվել «Game of Thrones» սերիալը: Դատարանի կարծիքով` սերիալի ցուցադրությունը բավարար հիմք չէ զինված ուժերից սպային հեռացնելու համար, գրում է Hurriyet-ը:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, սպան ու նրա 3 ծառայակիցները 2012թ օգոստոսին հեռացվել են «թուրքերին վիրավորելու համար», երբ ռազմական ակադեմիայի կուրսանտներին անգլերենի դասընթացի շրջանակներում ցուցադրել են սերիալը:

Իր վճռում դատարանը սահմանել է. «Թեեւ սերիալը ցուցադրվում է ազգային հեռուստաալիքներով, ռազմական ակադեմիայում այն ցուցադրելու հարկ չկա, քանի որ այն չի համապատասխանում այնտեղ ընդունված բարոյական նորմերին եւ կանոնակարգին: Սակայն սպային աշխատանքից հեռացնել սերիալը ցուցադրելու համար եւս անթույլատրելի է»: