«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտության մասին հայտարարությունից շատ առաջ ՀՀԿ-ն վերջին տարիներին բազմիցս բոլորին կառուցողական համագործակցության կոչ է արել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի անհրաժեշտ է համազգային կլոր սեղան հրավիրել բոլոր այն քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ում հետաքրքրում է Հայաստանի ապագան:

Շարմազանովի խոսքով՝ եւ Հայաստանի նախագահը, եւ խորհրդարանի խոսնակը, եւ վարչապետը, եւ քաղաքական մեծամասնությունը բացառապես երկխոսության կողմնակից են:

Ինչ վերաբերում է «համահայկական շարժման» միջոցով հեղափոխություն իրականացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց. «Մեր ժողովուրդը արդեն հեղափոխություն իրականացրել է 1988 թվականին: Հիմա էվոլյուցիայի ժամանակն է, եւ մենք բոլորս պետք է գործենք երկրի շահերից ելնելով: Երկրում կան խնդիրներ, բայց այն կրախի առջեւ կանգնած չէ, այլ հակառակը՝ դանդաղ զարգանում է»: Շարմազանովը նաեւ հավելեց, որ իշխող կուսակցությունը լավատեսորեն է տրամադրված: «Նույնիսկ դժվարությունների մեջ մենք հնարավորություններ են տեսնում՝ ի տարբերություն հոռետեսների, որոնք նույնիսկ իրենց տրված հնարավորություններում դժվարություններ են տեսնում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր մամուլի ասուլիսում րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կործանման եզրին է, քանի որ երկրի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, իսկ իշխանությունն ու ընդդիմությունն առանձին-առանձին ի վիճակի չեն դա անել:

«Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, անհրաժեշտ է անցկացնել համազգային կլոր սեղան, որին կմասնակցեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հուզում է երկրի ապագան: Այդ կլոր սեղանը բաց է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած որ իշխող կուսակցությունը զավթել է իշխանությունը, այնուամենայնիվ, հանուն մեր երկրի ապագայի, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Հստակեցնող հարցին, արդյոք ինքը պատրա՞ստ է մի սեղանի շուրջ նստել իշխող կուսակցության եւ դրա առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը լակոնիկ պատասխանել է. «Այո»: