Մեղադրյալ 30-ամյա Արգիշտի Ա-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում միտումնավոր ոչնչացրել է իր խոստովանական ցուցմունքները: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 30-ամյա Արգիշտի Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կենտրոնականի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ՔԿՀ քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում, քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, պատռելու եղանակով ոչնչացրել է քրեական գործում առկա, պաշտոնական փաստաթուղթը:
Ոչնչացված փաստաթղթերում եղել է ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր կողմից տրված դեպքի մասին խոստովանական բացատրության եւ որպես կասկածյալ ցուցմունքի արձանագրությունները: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 27-ին:




























