Ռուսաստանի հայերը նամակով դիմել են «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարությանը՝ կոչ անելով մի շարք պահանջներ կատարել կամ հեռանալ։

 «Ռուսաստանի հայերի նամակը ՌՀՄ ղեկավարությանը» հրապարակվել է Change.org կայքում եւ օգտվողներին հնարավորություն է ընձեռում ստորագրահավաք կազմակերպելու։

Նամակի հեղինակների խոսքով՝ «Ռուսաստանի հայերի միության» հիմնադրման պահից անցել է 13 տարի, եւ կազմակերպությունը «համերգա-խնջույքային գրասենյակի» տիտղոսն է ձեռք բերել, որը միայն զբաղվում է Ռուսաստանի իշխող կուսակցությանը եւ իշխանությունների տարբեր մակարդակի ներկայացուցիչներին ծառայելով միայն։

Այս ամբողջ ընթացքում ՌՀՄ-ն հարուստ փորձ է ձեռք բերել մի կողմից Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ լռելու, մյուս կողմից՝ Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու եւ այնտեղ Ռուսաստանի շահերն առաջ տանելու առումներով

…Երբ ինչ-որ մեկը «Ռուսաստանի հայերի միության» հնչեղ անվանումով կազմակերպություն է ստեղծում, մենք նրանից առաջին հերթին ակնկալում ենք Ռուսաստանի հայերի շահերի սպասարկում։ Իրականում դա տեղի չի ունենում... Այսօր մենք անհրաժեշտ ենք համարում այդ կազմակերպության ղեկավարությանը, մասնավորապես՝ պարոն Աբրահամյանին ներկայացնել մի շարք հարց-պահանջներ, որոնց համար հստակ եւ հասկանալի պատասխաններ ենք ակնկալում», - ասված է հաղորդագրությունում։

Հաջորդում է բողոքների թվարկումը՝ ՌՀՄ արձագանքի բացակայությունը ռուսական լրատվամիջոցներում հակահայ հրապարակումներին, Ռուսաստանում հայերի իրավունքների խախտման դեպքերին համարժեք արձագանքի բացակայությունը, Ռուսաստանում հայերենի ուսուցման համապատասխան ծրագրերի բացակայությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների բացակայությունը, Ադրբեջանին ռուսական գերժամանակակից սպառազինության վաճառքին համարժեք արձագանքի բացակայությունը։

 «Պարոն Աբրահամյան, մենք՝ ներքոստորագրյալներս, Ռուսաստանի հայերի միությունից այս հարցերի պատասխանն ենք ակնկալում։ Հակառակ դեպքում, պահանջում ենք հրաժարական տալ՝ տեղը զիջելով ազգային մտածողության տեր մարդու, կամ էլ կոչ ենք անում հանդես չգալ Ռուսաստանի հայերի անունից՝ Ձեր կազմակերպությունն անվանելով ՙՌուսաստանի հայերի միություն», - ասված է նամակում։