Մոսկվայի եւ Վաշինգթոնի, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերություններում նոր նյարդայնացնող գործոն է ի հայտ եկել. Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ Պետդումայում անհանգստացած են Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան լաբորատորիայի գոյությամբ, որտեղ, հնարավոր է, կենսաբանական զենք են մշակում: Փորձագետների կարծիքով՝ խոսքը ամերիկյան միկրոկենսաբանական լաբորատորիայի մասին է, որը գտնվում է Թբիլիսիից ոչ հեռու: ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն էլ կրակի վրա յուղ է լցրել:

«Վրաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիայի աշխատանքը խախտում է միջազգային կոնվենցիաները, Ռուսաստանի համար սպառնալիք է եւ կազդի տնտեսական կապերի վրա»,-այսօր՝ հուլիսի 20-ին, «Ինտերֆաքսին» ասել է Օնիշչենկոն՝ հավելելով, որ Վրաստանի տարածքում ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող լաբորատորիայի առկայությունը կարող է կտրուկ նվազեցնել վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան:

Ավելի վաղ Օնիշչենկոն պնդել էր, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակը Ռուսաստանում կանխամտածված տնտեսական դիվերսիա է եղել Վրաստանի տարածքից:

Նա ամերիկյան լաբորատորիայի խնդրին անդրադարձել է այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության «2012 թվականին սպառազինությունների, դրանց չտարածման եւ ապասպառազինման վերահսկողության միջազգային համաձայնագրերին հետեւելու մասին» զեկույցը: Մեկնաբանությունւմ նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է «ռուսական սահմանների մոտ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենսաբանական գործունեությամբ»:

Ավելի ուշ նման մտահոգություն է հայտնել նաեւ Ռուսաստանի պետդուման:

Միաժամանակ, ինչպես նշում է «Գռուզիա online»-ը, «Մոսկվան սկզբում Օնիշչենկոյի, իսկ հիմա Պետդումայի պատգամավորների շուրթերով փորձում է սրել իրավիճակը Թբիլիսիում գտնվողն լաբորատորիայի շուրջ եւ դա այն դեպքում՝, որ լաբորատորիան բաց է ռուս փորձագետների համար»:

Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ռուս գիտնականները վերջին ամիսներին երկու անգամ այցելել են այդ լաբորատորիա եւ չեն թաքցրել իրենց բավարարվածությունը՝ լաբորատորիայի կենսաանվտանգության բարձր մակարդակի առնչությամբ: «Վրացական կողմը Ռուսաստանի ներկայացուցիչներին տեղեկատվություն է տրամադրել  լաբորատորիայի վերաբերյալ»,-ասել է նա: