Մեղրիում ողբերգական դեպք է գրանցվել. ոստիկանության տեղեկություններով՝ 34-ամյա Միխայել Վ.-ն սպանել է կնոջը` 28-ամյա Նելի Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 29-ամյա Նելլի  Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,  Նելլի Ա-ն մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել եւ նրան  սպանել է ամուսինը` 34-ամյա Միխայել Վ.-ն:

Նույն օրը, ժամը  01.30-ին,  Միխայել Վ.-ն  ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ ընտանեկան հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում սպանել է կնոջը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Միխայել Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: