Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընդվզելու կոչով, այսօր՝ հուլիսի 20-ին, թռուցիկներ փակցնող 28-ամյա Արսեն Օհանյանին տարել են ոստիկանության բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր առավոտյան ահազանգ են ստացել, որ ինչ-որ մեկն իրենց պատուհաններին թղթեր է փակցնում եւ իրենց անհանգստութուն է պատճառում: Ոստիկանության ծառայողները Տիգրան Պետրոսյան փողոցում նկատել են մի երիտասարդի, ով թռուցիկներ էր փակցնում եւ հրավիրել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ երիտասարդը 28-ամյա Արսեն Օհանյանն է, որն այս պահին գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում, բացատրություններ է տալիս:
Հիշեցնենք, որ այսօրվանից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն:
Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում է առաջացրել, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր ու նախաձեռնություններ դեռ երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:





























