Շեփ անունով շունը, որի լուսանկարը համացանցում ամենատարածվածներից մեկն էր դարձել, սատկել է 20 տարեկան հասակում, գրում է The Huffington Post. Թերթը:

Շեփի սատկելու մասին տեղեկությունը հուլիսի 18-ին, Facebook-ի իր էջում հրապարակել է նրա տերը՝ Ջոն Անգերը: Մի քանի ժամում այդ գրության տակ ավելի քան 60 հազար մարդ մեկնաբանություն է գրել, իսկ 23 հազար մարդ տարածել է այն:

Շեփն ու Ջոն Անգերը հայտնի են դարձել ողջ աշխարհում այն բանից հետո, երբ 2012 թվականին համացանցում հայտնվեց նրանց լուսանկարը, որտեղ ծովում լողալիս շունը հանգիստ քնած է՝ գլուխը տիրոջ կրծքին հենած: Լուսանկարի հեղինակ Հաննա Սթոուն Հադսոնը հայտնել է, որ Շեփը տառապում է արթրիթով եւ նրան քնել օգնում է հենց այդպիսի ջրային հանգիստը:

Զգացմունքային լուսանկարը մեծ ժողովրդականություն է վայելել համացանցում, որի արդյունքում բազմաթիվ օգտատերեր դրամական միջոցներ են ուղարկել շան բուժման համար: Հավաքվել է մոտ 25 հազար դոլար, որի շնորհիվ Շեփի կյանքը հնարավոր է եղել երկարացնել մեկ տարով: