Երեւանում հասարակական տրանսպորտն էլ ավելի եկամտաբեր կդառնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողներին է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Պետությունը, հավելել է նա, հանրությանը հիմնավոր փաստարկներ չի ներկայացրել այն մասին, թե ինչու են գազի ու տրանսպորտի սակագները բարձրացել նման ոչ համամասնական ծավալով:

«Սահմանի վրա գազի գինը մեզանից կախված չէ: Սակայն բոլորին էլ պարզ է, որ տրանսպորտի ուղեվարձը բավականին գայթակղիչ բիզնես է: Անգամ նախկին 100 դրամն էր հավելավճարային նրանց ծախսերի դիմաց: Սակայն ես հասկանում եմ նաեւ այն քաղաքացիներին, որոնք համաձայն են 100-ի փոխարեն վճարել 150 դրամ` ցանկանալով արժանավոր երթեւեկել` առանց ծռված մեջքերի: Սակայն այս դեպքում քաղաքային տրանսպորտը ի վիճակի չէ լուծել ուղեւորների հոսքի խնդիրը, քանի դեռ Երեւան չեն ներմուծվել ավտոբուսների նոր խմբաքանակներ»,-հայտարարել է Պիպոյանը:

Նրա կարծիքով` տրանսպորտի հարցը պետք է ղեկավարի կառավարությունը: «Ավելի լավ կլինի, եթե այդ շահույթը գնա պետական բյուջե, իսկ դրանից` տրամադրվի մեր կարիքները հոգալուն»,-հայտարարել է Պիպոյանը: