ԱՄՆ-ում, այսօր՝ հուլիսի 20-ին, իր բնակարանում մահացել է լեգենդար լրագրող Հելեն Թոմասը, որը հայտնի է անհավատալի երկար աշխատանքային ստաժով, սուր հարցերով եւ անսպասելի աշխատանքից հեռանալով: Նա 93 տարեկան էր:

Հելենն աշխատել է ԱՄՆ 10 նախագահների հետ՝ Ջոն Քենեդիից մինչեւ Բարաք Օբամա, ներկայացնելով սկզբում UPI գործակալությունը, ապա Hearst Newspapers-ը, որին է պատկանում մի շարք թերթեր: Նրա աշխատանքային տարիներին ամերիկյան լրատվամիջոցները կտրուկ փոփոխությունների են ենթարկվել. տպագիր մամուլին փոխարինելու է եկել համացանցն ու մալուխային հեռուստատեսությունը:

Բայց Հելենը միշտ մնացել է  սուր, Սպիտակ Տան ներկայացուցիչներին եւ նախագահին ուղղված հարցերում շատ կտրուկ: Այդուհանդերձ, նախագահները նրա նկատմամբ միշտ եղել են հարգալից: Ռոնալդ Ռեյգանը Թոմասին հարցազրույց է տվել 1981-ին, իր դեմ մահափորձից հետո, իսկ Բիլ Քլինթոնը 1997-ին նրա ծննդյան օրը տորթ է բերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լրագրողուհու կարիերան ավարտվել է 2010-ին: Համացանցում հայտնվել էր նրա արտահայտությունը, որը շատերը հակասեմական էին համարել: Նա հայտարարել էր, որ «հրեաները պետք է մաքրվեն Պաղեստինից»: Նա ներողություն էր խնդրել նման կերպ արտահայտվելու համար եւ վստահեցրել, որ միշտ եղել է Մերձավոր Արեւելքում խաղաղության, հարգանքի եւ հանդուրժողականության կողմնակից, սակայն այդուհանդերձ, նա հրաժարվել էր իր աշխատանքից: