Շինդլերի ցուցակի բնօրինակներից մեկը հայտնվել է eBay էլեկտրոնային աճուրդում։ ABC-ն հայտնում է, որ աճուրդը կշարունակվի մինչեւ հուլիսի 28-ը:
Պատմական փաստաթուղթը վաճառում են կալիֆորնիացի հավաքածուատերեր Գերի Զիմեթը եւ Էրիկ Գեզինը: Փաստաթղթի մեկնարկային գինը 3 մլն դոլար է, սակայն սեփականատերերը նվազագույնը հինգ միլիոն են ակնկալում ստանալ:
Ցուցակում 801 հրեա տղամարդկանց անուն-ազգանուններ են, որոնց Օսկար Շինդլերը ցանկացել է փրկել գերմանական համակենտրոնացման ճամբարներից։ Փաստաթղթում նշված ամսաթիվն է 1945թ. ապրիլի 18-ը, այն կազմված է 14 էջից։ Ենթադրվում է, որ ցուցակը մեքենագրել է Շինդլերի անձնական հաշվապահ Իցհակ Շտեռնը, որի սերունդներն էլ, ըստ ամենայնի, այն հետագայում հավաքածուատերերին են վաճառել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օսկար Շինդլերը մոտ 1,2 հազար հրեաների է փրկել մահից:
Ցուցակի յոթ տարբերակներ են հայտնի, որոնցից հինգն են գտնվել: Նրանցից մեկն ԱՄՆ-ի Հոլոքոստի թանգարանում է, մեկը` Գերմանիայի դաշնային արխիվում, երկուսը` Իսրայելի Հոլոքոստի զոհերի թանգարանում եւ մեկը` մասնավոր ձեռքերում:



























