Խնդիրները թղթին հանձնելով կարելի է ակտիվացնել դիմադրողական համակարգը եւ արագացնել վերքերի բուժումը: Նման եզրակացության է հանգել բժիշկ Էլիզաբեթ Բրոադբենթը, հայտնում է The Daily Mail-ը: Փորձը ցույց է տվել, որ եթե մարդը գրել է հիվանդության մասին, երեք անգամ ավելի արագ է ապաքինվել:
Օքլենդի համալսարանի գիտնականները զբաղվել են տվյալ ֆենոմենի ուսումնասիրմամբ: 50 հոգանոց խումբ է հավաքվել:
Նրանց խնդրել են երեք օրվա ընթացքում թղթին հանձնել մտքերը: Դրա համար 20 րոպե է հատկացվել: Մասնակիցների 50 տոկոսը գրել է անհաջող փորձի կամ գաղտնի հոգեկան ապրումների մասին: Մնացած 50 տոկոսը՝ հաջորդ օրվա նախատեսած գործերի մասին՝ առանց որեւէ զգացմունքայնության:
Երկու շաբաթ անց կամավորները բիոպսիա են անցել: 11 օրում առաջին խմբի 76%-ի մոտ դրական արդյունք է նկատվել, երկրորդ խմբում դրանով միայն 42 տոկոսը կարող էր պարծենալ:
Եվս մեկ փորձ է անցկացվել: Վնասվածքներ ունեցող 50 մարզիկի շաբաթական մեկ անգամ 20 րոպե են տվել՝ վնասվածքի եւ իրենց ապրումների մասին գրելու համար: Մեկ այլ խմբի հանձնարարել են գրել այլ թեմաներով:
Երեք շաբաթ անց պարզվել է՝ առաջին խմբի մասնակիցներն ավելի արագ են վերականգնվել վնասվածքներից, գրում է MedDaily.ru-ն:
Տեսություններից մեկի համաձայն՝ գրելիս սթրեսը նվազում է, ինչը դրական է ազդում դիմադրողական համակարգի վրա: Սթրեսային հորմոնները խախտում են քունը՝ կրճատելով իմունային բջիջների համակենտրոնացումը: Իսկ խոր քնի փուլը չափազանց կարեւոր է վերքերի ապաքինման համար:



























