Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոկորդի քաղցկեղով հիվանդների 1/3-ի մոտ մարդու պապիլոմայի վիրուսով վարակ է նկատվել, հաղորդում է BBC-ն: Այդ վարակը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառն է, այն հեշտությամբ փոխանցվում է օրալ կամ սեռական օրգանների շփման դեպքում:
Բնության մեջ գյություն ունի մարդու պապիլոմայի վիրուսի ավելի քան 100 տեսակ: Մարդկանց մեծ մասի մոտ վարակի դեմ գործում է իմունային պաշտպանությունը, բայց եթե վարակումը տեղի է ունեցել, անհրաժեշտ է սքրինինգ անցկացնել:
Հատկապես վտանգավոր են այդ վարակի 16 եւ 18 շտամները: Օրինակ 16-րդ տիպի շտամը մոտ 60 տոկոսով կապված է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հետ, 80 տոկոսը՝ հետանցքի, իսկ 60 տոկոսը՝ բերանի քաղցկեղի հետ: Այս անգամ մասնագետները խոսել են հտկապես վարակի եւ բերանի ու կոկորդի քաղցկեղի կապի մասին, հաղորդում է MedDaily.ru.-ն:
Նրանք հետազոտել են մարդկանց արյան նմուշները, որոնք ամենասկզբում առողջ են եղել: Արյան մեջ մարդու պապիլոմայի վիրուսի առանցքային սպիտակուցի (E6) հակամարմիններ են եղել: Այդ սպիտակուցը «անջատում է» քաղցկեղից պաշտպանող բջջային համակարգը: Եթե արյան մեջ հակամարմիններ են հայտնաբերվում, նշանակում է վարակն անցել է քաղցկեղից պաշտպանող բջջային համակարգը եւ քաղցկեղային փոփոխություններ է առաջ բերել բջիջներում:
Առողջ եւ քաղցկեղի զարգացում ունեցող մարդկանց արյան անալիզը ցույց է տվել, որ կոկորդի քաղցկեղով տառապող մարդկանց 35 տոկոսի մոտ հակամարմիններ են եղել, իսկ առողջ մարդկանց մոտ այդ ցուցանիշը 1 տոկոս է:
Հակամարմիններ ունեցող մարդկանց 84 տոկոսը քաղցկեղի ի հայտ գալուց 5 տարի անց կենդանի են եղել, իսկ հակամարմիններ չունեցողների 58 տոկոսը կենդանի չի մնացել:
Ցանկացած պարագայում, բժիշկները խորհուրդ են տալիս միայն անվտանգ սեքսով զբաղվել, այդ թվում օրալ շփումները:





























