«Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը այս տարվա աշնանը կսկսի «հասանելի բնակարաններ Երեւանում» ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանը:

«Մենք նոր ծրագիր ունենք՝ հասանելի տների ծրագիր, որի պահանջարկը կա, սակայն բնակարանների գներն են բարձր, այսօր ցածր նիշայի համար առաջարկներ չկան»,- ասաց Ա. Մկոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 5 տարում կկառուցվի 7 շենք՝ Զեյթունում, «Ալմաստ» գործարանի հարեւանությամբ, մեկ քառ. մետրի արժեքը՝ 950 դոլար: Բնակարանները կհանձնվեն լրիվ վերանորոգված, խոհանոցի կահույքով:

Ա. Մկոյանը նշեց, որ Երեւանում բնակարանների նկատմամբ պահանջարկը շուտով կավելանա, քանի որ հին բնակարանային ֆոնդի շահագործման ժամկետը վերջանում է, արդեն այս տարի բազմաթիվ շենքեր երրորդ կարգի վթարայինից տեղափոխվել են չորրորդ կարգ; 

Ա. Մկոյանի տեղեկացմամբ՝ սիրիահայերը մեծ աշխուժություն չեն մտցրել անշարժ գույքի շուկայում, որոշ աշխուժություն կա ռուսաստանաբնակ հայերի կողմից: Ա. Մկոյանի կարծիքով՝ աշնանը անշարժ գույքի շուկան ավելի կակտիվանա: