Չինաստանում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն: Նման պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ չինացի պաշտոնյաների հանդիպմանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում, հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարեւորել է կրթության եւ գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների եւ գիտնականների միջեւ փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի եւ հայկական մշակույթի կենտրոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաեւ աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաեւ, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները եւ այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում:
Պատվիրակությունն այցելել է նաեւ Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության եւ գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաեւ տվյալ համալսարան:





























