Էկվադորի մայրաքաղաք Կիտոն զբոսաշրջային «Օսկար» է նվաճել: World Travel Awards 2013 մրցանակը Կիտոյին է հանձնվել որպես Հարավային Ամերիկայում զբոսաշրջային լավագույն քաղաք:

Այս տարի Կիտոն առաջ է անցել Գալապագոսյան կղզիներից (որոնք նույնպես պատկանում են Էկվադորին), Պերուի մայրաքաղաք Լիմային, արգենտինական Բուենոս Այրեսին, Սանտյագոյին եւ Զատկի կղզիներին (Չիլի), ինչպես նաեւ բրազիլական Ռիո դե-Ժանեյրոյին, որը նախկինում 9 անգամ արժանացել է WTA-ի մրցանակին:

Այս մրցանակը զբոսաշրջության ոլորտում ամենանշանակալիներից է: Այն 1993 թվականից ի վեր տրվում է ամենահյուրընկալ քաղաքներին, րոնք առավել գրավիչ են զբոսաշրջիկների համար:

Ինչպես գրում է The Financial Times-ը, այս ձեռքբերումը Կիտոյի համար նոր հորիզոններ ու հեռանկարներ է բացում:

Վիճակագրության համաձայն, 2011 թվականին Էկվադորի մայրաքաղաք է այցելել 487 հազար զբոսաշրջիկ, 2012-ին՝ այդ թիվը հասել է 519 հազարի: Այս տարվա միայն հունվար-փետրվարին Կիտոյում եղել է արդեն 100 հազար զբոսաշրջիկ: Տարեվերջին նրանց հոսքը կարող է հատել մեկ մլն-ի ահմանագիծը, հաղորդում է Russia Today.-ը:

Կիտոն հիմնադրվել է 1534 թվականին, ինկերի հնագույն բնակավայրի ավերակների վրա: Քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից 2,8 կմ բարձրության վրա, լեռների ձյունապատ գագաթներով շրջապատված: Կիտոյի պատմական կենտրոնը ներառված է մարդկության միջազգային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: