Մալայզիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել բլոգերներին, որոնք մահմեդականների սուրբ տոնի՝ Ռամադանի շրջանում Facebook-ում տեղադրել են իրենց ճաշը, որը երկրի իշխանությունները վիրավորանք են համարել: Հիմա երիտասարդներին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:
The Huffington Post պարբերականը հաղորդում է, որ 20-ամյա Ալվին Տան եւ Վիվիան Լին, որոնք էթնիկ չինացիներ են, ինտերնետում լուսանկար են տեղադրել, որտեղ խոզի միս են ուտում եւ հայրենակիցների հետ տոնում Ռամադանը:
Կուալա Լումպուրում դատական լսումների ժամանակ երիտասարդները հերքել են իրենց մեղքը, վստահեցնելով, որ այդ ամենն անվնաս կատակ է եղել, սակայն դատավորը չի ընդունել նրանց պարզաբանումները եւ մերժե է նրանց գրավի դիմաց ազատ արձակել, հաղորդում է Russia Today.-ն:
Մալայզիայի գլխավոր դատախազ Աբդուլլահ Գանի Պատայլիի խոսքով՝ երկրի իշխանությունները մտադիր են հասնել իսլամական ավանդույթները խախտածների բանտարկությանը, քանի որ «Ալվինն ու Վիվիանը սպառնալիք են հանդիսանում հասարակական կարգի համար»:
Այս գործով հաջորդ դատական լսումները կկայանան օգոստոսի 24-ին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ բլոգերների հետ տեղի ունեցածի ֆոնին տուժել է մեկ էթնիկ չինացի, որին մահմեդականների գազազած ամբոխը ծեծի է ենթարկել, մերկացրել եւ կրծքավանդակին գրել. «Ես վիրավորել եմ իսլամը»:
Մալայզիայի բնակչությունը կազմում է 29 մլն մարդ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնակչության ավելի քան 60 տոկոսը մահմեդական է:





























