Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներում նկարահանվող դերասանուհի 48-ամյա Աննա Գեւորգյանի` վրաերթի ենթարկվելու դեպքից ավելի քան 3 ամիս անց քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Գեւորգյանը:
Նա նշեց, որ երբ պարզվեց, որ իրեն վրաերթ անելու արդյունքում հասցվել է միջին ծանրության վնաս, հայտնաբերվել են կոտրվածքներ, որոշվել է հարուցել քրեական գործ: Թեեւ դեպքից ամիսներ են անցել եւ արդեն քրեական գործ է հարուցվել, բայց ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել դերասանին վրաերթ արած եւ անօգնական վիճակում թողած վարորդին: Աննա Գեւորգյանը հույս ունի, որ գոնե քրեական գործ հարուցելուց հետո իրավապահներին կհաջողվի գտնել վարորդին:
Դերասանուհին նաեւ հայտնեց, որ քրեական գործ հարուցելուց հետո իրեն հարցաքննել են, ճանաչել տուժող, իսկ իրեն վրաերթ արած վարորդը պետք է փոխհատուցի իր կրած վնասները, վճարի բոլոր ծախսերի համար: Աննա Գեւորգյանը ասաց նաեւ, որ առողջական վիճակում բարելավում է նկատվում, բայց դեռ լրիվ չի ապաքինվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նշենք, որ Աննա Գեւորգյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա նկարահանվել է «Արմենիա», «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններով հեռարձակվող մի շարք սերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», վերջին անգամ նկարահանվել է «Գեներալի աղջիկը» սերիալում` Մարինայի դերակատար, այժմ խաղում է «Քույրերը» սերիալում` Ժաննայի դերակատար:





























