NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ի մոտ ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացու մասին: Ըստ այդմ, մոտ 40 տարեկան մի տղամարդ հուլիսի 22-ին, ժամը 03.33-ին, զանգահարել է ԱԻՆ Փրկարար ծառայություն եւ հայտնել, որ ցանկանում է գնալ եւ Ազգային ժողովի շենքի մոտ ինքնահրկիզվել: ԱԻՆ-ից անմիջապես ԱԺ շենքի մոտ են ուղարկել համապատասխան տեխնիկա, ինչը հարուցել է անվտանգության աշխատակիցների զարմանքը, քանի որ որեւէ արտակարգ բան չէին նկատել:
Դրան զուգահեռ, Փրկարար ծառայության հերթապահ խումբը զրուցել է ինքնահրկիզվել ցանկացող անձի հետ եւ նրան համոզել չգնալ այդ քայլին:
Մեր տեղեկություններով` տղամարդը ցանկացել է ինքնահրկիզվել ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն ԱԻՆ-ից նրան ասել են, որ դրանով խնդիրներին լուծում չի տրվի, չլուծվող հարց չկա, ավելի լավ է նամակներով դիմի պատկան մարմիններին եւ օգնություն խնդրի: Տղամարդը Արմավիրի մարզից է, եւ համոզելու արդյունքում չեկավ Երեւան` ԱԺ-ի շենքի մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 22-ին, ժամը 03.33-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը պատրաստվում է Հայաստանի Ազգային Ժողովի մոտ ինքնահրկիզվել: Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ. պարզվել է, որ Հ. Զաքարյանը այդ պահին գտնվում էր Արմավիրի մարզում: Քաղաքացու հետ տարված զրույցի հետեւանքով հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից:





























