Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել հուլիսի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների կապակցությամբ:

«Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում,  մի խումբ անձինք խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, դուրս գալով  երթեւեկության բանուկ   գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլեւ,  ցավոք,  անտեսել այն իրողությունը, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում   վարորդի երթեւեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետեւանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում  ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսեւորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`  բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն  անօրինական լինելը, այլեւ հնարավոր բոլոր վտանգավոր հետեւանքները: 

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին եւ օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը եւ կանխվել է  ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ  ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների  հոգեվիճակի  խաթարումը կարող է մարդկային  կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ  երթեւեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսեւորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: