Ուելսի արքայազն Չարլզն անչափ ուրախ է առաջին թոռնիկի ծննդյան առիթով: «Յուրահատուկ պահ է Ուիլյամի եւ Քեյթի համար, եւ մենք այնքան ուրախ ենք նրանց որդու ծննդյան առիթով»,- այս մասին ասված է թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրությունում:
Արքայազն Չարլզը նաեւ նշել է, որ չափազանց հպարտ ու երջանիկ է պապիկ դառնալու համար եւ անհամբերությամբ սպասում է թոռնիկին տեսնելուն:
Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի որդին, ով ծնվել է մի քանի ժամ առաջ, շուրջ 3.8 կգ է կշռում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Դքսուհուն ծննդաբերության ցավերով հիվանդանոց էին բերել առավոտյան: Միդլթոնը ծննդաբերել է այն կլինիկայում, որտեղ ծնվել է նաեւ նրա ամուսինը: Արքայազն Ուիլյամը ոչ մի քայլ չի հեռացել կնոջից, իսկ ապագա մայրիկը ծննդաբերությունից առաջ հղիների համար յոգայի դասընթացների է հաճախել:
Նորածնին խնամելու է մանկաբույժ Բեթի Պարսոնը: Երբ զույգի առաջնեկը լույս աշխարհ եկավ, այդ մասին տեղեկացվեց Բուքինգեմյան պալատի դարպասին կախված ցուցանակի միջոցով:




























