Հնդիկ Ֆերոզ ուն Դիր Միրը պնդում է, որ աշխարհի ամենատարեց մարդն է: Որպես ապացույց նա ներկայացնում է կառավարության հաստատած ծննդյան վկայական, որում նշված է իր ծննդյան տարեթիվը՝ 1872թ. մարտի 10:

Մեր մոլորակի ամենատարեց  բնակչուհի պաշտոնապես ճանաչվել է ճապոնուհի Միսաո Օկայոն, որն այժմ 115 տարեկան է: Սակայն եթե Ֆերոզի ծննդյան տարեթվի տեղեկությունը հաստատվի, ապա նա, անկասկած, առաջ կանցնի բոլոր ռեկորդակիրներից: Միրը պնդում է, որ ինքը 141 տարեկան է, իսկ դա 20 տարով ավելի է ֆրանսուհի Ժաննա Կալմենտի ռեկորդից, որն ապրել էր 122 տարի, գրում է  MedikForum.ru-ն: 

Ֆերոզ ուն Դիր Միրի կինն  80 տարեկան է: Եթե հավատանք Ֆերոզի ծննդականին, ապա կստացվի, որ ամուսինների  տարիքային տարբերությունը 60 տարի է: Թեեւ ֆանտաստիկ տարիքին, Ֆերոզը կարողանում է ինքնուրույն քայլել, սակայն նրան օգնում են բարեկամները: Նա մի փոքր տեսնում է ձախ աչքով, իսկ ահա խոսելու հետ ոչ մի խնդիր չունի:

Ծերունին սիրում է իր երկարակյացության մասին խոսել: Նա տիրապետում է միայն  մայրենի փահարի լեզվին, այնպես որ նրան քչերն են հասկանում: Միրը պատմում է, թե ինչպես է  հոր նման դարձել մրգեր եւ բանջարեղեն վաճառող:  Երիտասարդ տարիքում ինքը հոր հետ հաճախ է առեւտրի մեկնել Կարաչի: 1890-ականներին Ֆերոզն առաջին անգամ ամուսնացել է եւ կնոջ հետ Պակիստանում ապրել մինչեւ վերջինիս մահը` 1900-ականները: Այն ժամանակ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սահմաններ  չեն եղել: