10-ամյա հետազոտությունից հետո մի հոլանդացի գիտնականի հետազոտական թիմին հաջողվել է լաբորատորիայում միս ստեղծել: Նրա աշխատանքների գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ ստեղծվի այնպիսի սննդամթերքներ, որը նույնքան օգտակար, համեղ եւ ախորժելի կլիներ, որքան բնական աճեցրած միսը:

Նրանք հավաքել են եղջերավոր անասունների ցողունային բջիջներ, որոնք լաբորատոր պայմաններում աճեցվել եւ վերածվել են 3սմ երկարությամբ եւ 1.5սմ լայնությամբ շերտերի: Նմանատիպ յուրաքանչյուր շերտի ստեղծումը պահանջել է մի քանի շաբաթ, փոխանցում է Vesti.ru-ն:

Ստացված շերտերը խառնել են նույն կերպ ստացված ճարպային բջիջներին եւ կտրատել: Արդյունքում գիտնականները ստացել են համբուրգերի համար նախատեսված կոտլետի պես մի բան, սակայն այն սպիտակ է եղել, քանի որ դրա մեջ արյուն չի եղել:

Աշխարհին իր «հայտնագործությունը» ցույց տալու համար գիտնականների այս խումբը որոշել է կազմակերպել իր «արտադրանքի» հանրային համտես: Դա լինելու է պատմության մեջ ամենաթանկարժեք համբուրգերը:

Լաբորատոր պայմաններում միս ստեղծելու հետազոտության վրա, ընդհանուր առմամբ, ծախսվել է 220 հազար ֆունտ: Մարդը, ով հոլանդացի գիտնականներին այս աշխատանքն իրականացնելու համար գումար է տրամադրել, իր անունը չի հրապարակում: Համտեսի հանդիսավոր արարողությունը նախատեսվում է 2013թ օգոստոսի 5-ին Լոնդոնում: