Իրաքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 130 մարդու, որոնք կասկածվում են ավտոշարասյան վրա հարձակում գործելու մեջ, ինչի արդյունքում զոհվել է 14 մարդ, հաղորդում են արաբական լրատվամիջոցները` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Միջադեպը տեղի է ունեցել Բաղդադից 160կմ դեպի հյուսիս՝ Սուլեյման-Պեկ բնակավայրի շրջանում: Չարագործները կանգնեցրել են վառելիք տեղափոխող ավտոցիստեռների շարասյունը՝ իբրեւ թե փաստաթղթերը ստուգելու պատրվակով: Դրանից հետո նրանք դուրս են բերել վարորդներին եւ գնդակահարել:

Հաղորդվում է, որ միջադեպից հետո ոստիկանությունը լայնածավալ օպերացիա է իրականացրել` հայտնաբերելու եւ ձերբակալելու հարձակման ենթադրյալ կասկածյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության տվյալներով՝ բոլոր սպանվածները շիա-մահմեդականներ էին: Որեւէ ահաբեկչական կազմակերպություն առայժմ իր վրա չի վերցրել միջադեպի համար պատասխանատվությունը: