Ցանկանում եմ բոլոր երեւանցիներին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` մեկնաբանելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` հասարակական տրանսպորտի սակագինը նախկին չափով սահմանելու ժամանակավոր որոշմանը: Պիպոյանը սակագնի բարձրացման դեմ պայքարող ամենաակտիվ քաղաքացիներից է, ով մի շարք հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն սակագինը կարող է կազմել նաեւ 80-90 դրամ:
«Անկախ նրանից, թե ինչ մղումներից ելնելով է քաղաքապետարանը կայացրել այսօրվա որոշումը` այժմ ես ցանկանում եմ ընդամենը շնորհավորել երեւանցիներին: Այս օրերին քաղաքում տիրող տոնական տրամադրությանը կարող էր յուրաքանչյուրն էլ ականատես լինել: Սա հաղթանակ էր առանց բռնության: Սա հումանիզմի հաղթանակ էր»,-ընդգծել է Պիպոյանը:
Նա պատրաստակամություն է հայտնել միանալ քաղաքապետարանի աշխատանքային խմբին, որը զբաղվելու է տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրմամբ: «Կա տեսակետ, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անխուսափելի է: Ես պատրաստ եմ ներկայացնել իմ հիմնավորումները, պատասխանել ցանկացած հարցի, այդ թվում` քննադատական»,-հայտարարել է Պիպոյանը:
Հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետը կասեցրել է իր` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանակցման վերաբերյալ վերջերս կայացրած որոշումը: Նշենք, որ Երեւանում մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացվել հասարակական տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացման դեմ:




























