Շահագրգռված ենք, որ մեր ավանդական կուսակցությունները միշտ ուժեղ լինեն, որովհետեւ ձեր հայապահպան առաքելությանն այլընտրանք չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամները Հայաստան են ժամանել Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի անցկացման առիթով:
Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով կառույցի դերը հայապահպանության գործում` վարչապետը նշել է. «Միշտ հաճելի է հանդիպել Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդներին: Համոզված ենք, որ հայրենասիրական դաստիարակության ոգին պահպանելու եւ առաջ մղելու գործը լավագույնս հենց դուք եք իրականացնում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կարողանաք այդ առաքելությունն իրականացնել»:
Հ.Մ.Ը.Մ. Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել հանդիպման մասնակիցներին եւ ընդգծել, որ իրենց նպատակն է, որպեսզի սփյուռքահայ երիտասարդներն այցելեն հայրենիք: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին «Ազատության» հրապարակում տեղի կունենա Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որոնք տեւելու են մեկ շաբաթ: Այս տարի դրանց մասնակցելու է Հայաստանի եւ սփյուռքի ավելի քան 600 մարզիկ:
Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին մարզախաղերի կազմակերպմանն օժանդակելու պատրաստակամության համար, ինչում իրենք բազմիցս համոզվել են եւ խնդրել են աջակցել նաեւ բանակավայրերի համար ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրված տարածքների բարեկարգման եւ ընդլայնման հարցում: Նրանք նաեւ բարձր են գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն այդ ուղղությամբ:
Ընդգծելով ազգապահպանության գործում սփյուռքում գործող հայ կուսակցությունների նշանակալի դերը` կառավարության ղեկավարը նշել է. «Մեզ համար կարեւոր է Հայ Հեղափոխական Դաշնակցության ամուր լինելը, որովհետեւ այն իր ուսերին մեծ առաքելություն է կրում»:




























