Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հուլիսի 24-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Չեխովի փողոցի 15 շենքի նկուղից, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա Արշակ Գ.-ին, որը հայտնել է, որ հրապարակի մետրոյի մոտ իրեն ծեծի են ենթարկել եւ դանակահարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արշակ Գ.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ, անհայտ անձը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով հարվածել է եւ պատճառել  վնասվածք:

Ոստիկանության ծառայողները  պարզել են, որ նշված հանցագործությունը Լեոյի փողոցի թիվ 16 շենքի մոտ կատարել է  35-ամյա Պատվական Հ.-ն, որը նույն օրը, ժամը 21.45-ին, Աբովյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Պատվական Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: