Երեւանում, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15-ի սահմաններում, «Այրարատ» կինոթատրոնի կանգառում, թիվ 67 Ա երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդի դանակահարության պատճառն, ըստ ոստիկանության, եղել է 50 դրամը չվճարելը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-ծակած  վերք» ախտորոշմամբ  բուժօգնության է  դիմել 33-ամյա Ալեքսան Ղ.-ն: Ըստ նրա հայտարարության`  Երեւանի «Ռոսիա» կանգառում անծանոթ անձի կողմից  դանակահարվել է:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «ԳԱԶԵԼ» մակնիշի  երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղեւորներից մեկը 50 դրամ  չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ  հարվածել է իր ձախ թեւին` պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում  են միջոցառումներ  հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վիրավոր վարորդին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ չունի: