Հաղթանակած քաղաքացիները շարունակելու են իրենց հաղթանակած պայքարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում էին քաղաքացիները, ովքեր Երեւանի տարբեր փողոցներում նշում էին իրենց հաղթանակը՝ որի շնորհիվ տրանսպորտի ուղեվարձը կրկին դարձավ 100 դրամ:
Երիտասարդները նշում էին, որ սա իրենց հաղթանակի սկիզբն է, այնուհետեւ շարունակելու են պայքարը սպառողական զամբյուղի, լույսի, գազի, ուսանողական վարձի թանկացումների դեմ եւ արժանապատիվ կյանքով ապրելու համար:
Տարեց քաղաքացիները հիացած էին նոր սերնդով, շնորհակալություն էին հայտնում երիտասարդներին, լրագրողներին, հայտնի եւ անհայտ քաղաքացիներին՝ հաղթանակի բերկրանքն իրենց պարգեւելու համար:
Այսօր Երեւանն իսկապես հաղթանակած էր: Դժվար է հիշել մի այնպիսի օր, երբ քաղաքը այսօրվա նման ուրախ է եղել: Խանութներից, սրճարաններից, շենքերի պատուհաններից քաղաքացիները ձեռքով էին անում երթի մասնակիցներին, շնորհավորում եւ շնորհակալություն հայտնում: Իսկ երթուղայինների վարորդները, ուղեւորները եւ մեքենաների վարորդները բացել էին պատուհանները եւ գոռում էին, որ հաղթել ենք:
Երթի մասնակիցները այսօրվա ակցիան ավարտեցին Ազատության հրապարակում՝ կոչ անելով քաղաքացիներին վաղը հուլիսի 26-ին հավաքվել քաղաքապետարանի մոտ եւ պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Տարոն Մարգարյանին:








Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























