Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում ծնոտի վիրահատությունից հետո 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահից հետո անհետացել է ինտուբացիոն խողովակը, այն չի տեսել դեպքի վայր մեկնած հետաքննիչ Մելիքյանը, որն էլ այն հայտնաբերելու ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերուժանի հայրը` Սիմակ Ավետիսյանը: Նրա խոսքով, խողովակի գտնվելու տեղի մասին տեղեկություն չունեն նաեւ հիվանդանոցի բժիշկներն ու սպասարկող անձնակազմը: Խողովակի առկայությունը կարեւոր է, քանի որ այն կարող է հետագայում իրեղեն ապացույց հանդիսանալ, խողովակի հետ կապված նշանակվել փորձաքննություններ եւ որի արդյունքում կարող է բացահայտվել կատարված հանցագործությունը:
«Այս եւ այլ հանգամանքները ավելի համոզիչ են դարձնում հավատալ, որ որդուս մահը բժիշկների եւ սպասարկում իրականացնողների սխալի, թերացումների հետեւանք է եղել»,- նկատեց մահացածի հայրը: Նա հիշեցրեց, որ 2013թ. հունիսի 18-ին Երեւանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի դիմածնոտային բաժանմունքում բժիշկ Հայկ Ենոքյանի կողմից վիրահատված որդին` 28-ամյա Մերուժան Ավետիսյանը, երկու օր անց է հիվանդանոցում անսպասելի մահացել:
«Մահվան դեպքի վերաբերյալ իմ հաղորդման հիման վրա ոստիկանության Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում նախապատրաստվող նյութերով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Դեպքից մոտ երկու շաբաթ անց նյութերը փոխանցվել է Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնին` նյութերի հետագա ընթացքը լուծելու համար, սակայն մինչեւ օրս արդյունքների մասին տեղեկություն չունենք»,- հիշեցրեց Սիմակ Ավետիսյանը:
Նա նշեց, որ Մերուժանը հետվիրահատական երկու օրերի ընթացքում իրեն լավ է զգացել, հարազատներով վերակենդանացման բաժանմունքում այցելել են նրան: «Մեր հարցերին ժեստերով պատասխանում էր, որ լավ է զգում, միայն դժգոհել է շնչառական ապարատին միացված թթվածնի մուտքը ապահովող բերանի միջով դեպի բրոնխները անցկացված ինտուբացիոն խողովակի անհարմարությունից, ցանկանում էր ազատվել դրանից, հասկացնում էր, որ դժվարությամբ է շնչում, սակայն բժիշկները դրան ուշադրություն չէին դարձնում` հավաստիացնելով, որ հիվանդի վիճակը նորմալ է անհանգստանալու կարիք չկա, այդպես շարունակվելու դեպքում հաջորդ օրը հիվանդին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ, կհանեն խողովակը: Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան` շաբաթը: 20.06.2013թ., առավոտյան 8:30-ի սահմաններում, վիրահատող բժիշկ Հ. Ենոքյանը հեռախոսով հայտնեց Մերուժանի անսպասելի մահվան մասին»,- հիշեց հայրը:
Դեպքից հետո նրանք հանդիպումներ են ունեցել հիվանդանոցի վիրահատող բժշկի, բաժնի ղեկավարի, վերակենդանացման բաժանմունքի սպասարկում իրականացնողների հետ որոնք ուղղակիորեն առնչվել են Մերուժանի հետ վիրահատության եւ հետվիրահատության ժամանակ, եւ հանգել ենք այն հետեւության, որ նրա մահը վիրահատող բժշկի եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով է եղել:
«Բժիշկների եւ բաժանմունքի սպասարկում իրականացնողների պատմածները Մերուժանի մահվան վերաբերյալ էականորեն տարբերվում են միմյանցից, առկա են հակասություններ, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքի հերթապահ ավագ բուժքույրը` Աննան հայտնել է, որ Մերուժանի առողջության անսպասելի վատթարացման ժամանակ ինքն ու հերթապահ բժիշկ Տիգրան Հարությունյանն են անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել` արհեստական շնչառություն տվել, ներարկում կատարել եւ այլն, իրենցից բացի ուրիշ մարդ ներկա չի գտնվել, իսկ Տիգրան Հարությունյանն էլ հայտնել է, որ ինքը հրավիրել է բաժնի վարիչին, նեյրովիրաբույժին, անեսթեզիոլոգին, գլխուղեղի մասնագետին եւ հերթապահ երեք բուժքույրերի հետ միասին մոտ մեկ ժամ միջոցներ են ձեռնարկել հիվանդի կյանքը փրկելու համար»,- հիմնավորեց հայրը: Նա մտավախություն ունի, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետները, ինչպես բազմաթիվ այլ դեպքերով, այնպես էլ այս դեպքով, կարող է պատճառահետեւանքային կապ չտեսնեն Մերուժանի մահվան, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու` դրանց նկատմամբ նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքի միջեւ, քանի որ դիահերձումից հետո դատաբժշկական փորձագետները մահվան նախնական հավանական պատճառն են նշել սրտի պսակաձեւ անոթների ախտահարում, այդ այն դեպքում, Մերուժանը երբեւէ որեւէ հիվանդությամբ, առավել եւս, սրտի հետ կապված հիվանդություններ չի ունեցել, չի բուժվել: «Այս պահին միայն հայտնի է մեզ, որ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժանմունքում բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով ՀՀ քրեական օենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել»,- դժգոհեց մահացածի հայրը:





























