Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, գնդապետ Վանիկ Թանգամյանի հորեղբոր որդին` Ցոլակ Թանգամյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ նա մահացել է այսօր` հուլիսի 26-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում 64-ամյա մի տղամարդ հրացանով ինքնասպանության փորձ է կատարել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել էին ոստիկանության լրատվության վարչությունից: Հուլիսի 23-ին, ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն է, ով Ղափանցյան փողոցի իր տանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Սայգա հրացանով կրակել է իր կրծքավանդակին: Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մեր տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարածը Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, գնդապետ Վանիկ Թանգամյանի հորեղբոր որդին է: