Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ ցուցմունք տալու համար Հ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել պայմանական ազատազրկման:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Հ.Վարդանյանը, ով տուժող է ճանաչվել իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հրաուցված քրեական գործով, 2012 թվականի օգոստոսի 4-ին եւ սեպտեմբերի 4-ին նույն գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:

Մասնավորապես` Հ.Վարդանյանն իր ցուցմունքներում նշել է, որ օգոստոսի 2-ին իրեն վնասվածք է հասցրել ոչ թե Ռ.Մանուկյանը, այլ` երեք անհայտ անձինք` իրեն չզիջելու կապակցությամբ առաջացած վիճաբանության եւ քաշքշուկի ընթացքում:

Հ.Վարդանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ մինչ դատաքննության սկսելը միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանը բավարարել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 23-ի դատավճռով` Հ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` դատարանը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Նշենք, որ Հ.Վարդանյանի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 22.01.2013թ. դատավճռով Ռ.Մանուկյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: