Լեռնային Ղարաբաղը շարունակում է սպառազինվել. այդ առումով վերջին երկու տարիները բավականին հաջող տարիներ են եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, փոխանցում է «Ազատությունը»:

«Մենք երբեւիցե այսպիսի իրավիճակ չենք ունեցել, ինչ ունենք այսօր կոնկրետ սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ», - նշել է Հակոբյանը, հավելելով, որ այժմ «լուրջ» խնդիր կա ձեռք բերված զինամթերքի տեղավորման հետ կապված եւ այդ հարցը լուծելու համար մեծ զինապահեստ է կառուցվում:

Թե կոնկրետ ինչ զինատեսակներ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նախընտրել է չմանրամասնել:

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից նոր զինտեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը միեւնույն ժամանակ նշել է, որ այդ երկիրը դեռեւս հնարավորություն չունի պատերազմ սկսելու եւ հաղթելու:

Մովսես Հակոբյանը նաեւ տեղեկացրել է, որ վերջին ամիսներին դիվերսիոն հետախուզական խմբերի հնարավոր ներթափանցման ուղղություններով մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել, դիրքերի ուղղությամբ հակահետեւակային ականներ են տեղադրվել: