Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի գինը կբարձրանա 2014 թ. հունվարից: Այս մասին է գրում է karabakh-open.info-ն ՝ հիմնվելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարության վրա:
Վարչապետի խոսքով՝ ներքաղաքային և ներհանրապետական ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները դեռեւս վեց ամիս առաջ են հայտ ներկայացրել սակագների բարձրացման վերաբերյալ, սակայն կառավարությանը հաջողվել է հետաձգել հարցը՝ մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում, որը նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից։
Արա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտում ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնք երկուսն են՝ մասնավոր եւ պետական, աշխատում են վնասով։ Պետական ընկերության վնասները փոխհատուցելու համար կառավարությունը լուրջ գումարներ է հատկացնում։
«Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք որոշել են դեռ մինչեւ հունվարի 1-ը նրանց վնասները փոխհատուցել»,-նշել է Արա Հարությունյանը:
«Ընկերությունները պահանջում են ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դարձնել 100 դրամ, իսկ կառավարության հաշվարկներով այն պետք է լինի 85-90 դրամ: Համենայնդեպս 100 դրամից ավելի չպիտի լինի»,- այս կարծիքն է հայտնել ԼՂՀ կառավարության ղեկավարը։




























