Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ հանձնարարել ապահովել քաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին որոշման   գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից եւս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով: