Պոդոլսկի մոտ սարսափելի ավտովթարի գործով կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը պաշտոնապես գրավոր դիմել է քննիչներին, որտեղ խնդրել է, որ իր շահերը պաշտպանեն այլ դատապաշտպաններ: Նրանց թվում են Ռուբեն Մարգարյանը եւ Վլադիմիր Անիսկինը:

Նրա արդեն նախկին փաստաբան Ալեքսանդր Մալցեւը պարզաբանել է, որ այդ որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման արդյունքում:

Մալցեւի կողմից Հարությունյանին պաշտպանելու պայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը:

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ այսուհետ Հարությունյանի շահերը կներկայացնի փաստաբան Ռուբեն Մարգարյանն ու նրա թիմը:

«Ինչ պետք էր, ես արել եմ, փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն եւ այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային հանգստություն եւ համբերություն, որովհետեւ սա միայն սկիզբն է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Մալցեւը: