Հայկ Մարությանին (Կարգին Հայկոն), որը 150 դրամ ուղեվարձի դեմ շարժման շրջանակներում սկիզբ դրեց «Free Car» ակցիային, ինչ-որ մեկը խաբել է:
Նա այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում.
«Ստանալով բաց նամակ «քաղաքացուց», արձագանքել եմ եւ եկել եմ ժամը 19.00-ին Էրեբունի թանգարանի կանգառը, սակայն նա չի եղել տեղում: Փոքրիկ հետաքննությունը պարզեց, որ գրողը կեղծ պրոֆիլից է գրել եւ այդ կեղծ պրոֆիլը պատկանում է այն մարդուն, որը չի կարողացել մարսել ժողովրդի հաղթանակը: Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: Դե թող տրաքի :))»:
Նշենք, որ այդ «քաղաքացին» Կարգին Հայկոյին ուղղված գրության մեջ նշել է հետեւյալը.
«Նուբարաշենը սպասարկող երթուղիները բավական վատ են աշխատում եւ 19:00-ից սկսված քաղաքացիները ստիպված են լինում տաքսիներով գնալ տուն, վճարել մի քանի անգամ ավելի շատ քան պետք է վճարեին, եթե այդ երթուղին սպասարկող տրանսպորտը լավ աշխատեր: Հայկ ջան հիմա խնդրում եմ, որ դուք եւ ձեր ընկերները ընդամենը մեկ օր լինեք Էրեբունի թանգարանի մոտ, որտեղից նուբարաշենցիները տուն են գնում եւ Ձեր ներկայությամբ փորձեք նաեւ նրանց քաջալերել, որպեսզի պայքարեն իրենց իրավունքների համար: Ես անձամբ այսօր ժամը 7-ին սպասելու եմ Ձեզ Էրեբունի թանգարանի մոտ: Համոզված եմ, որ Ձեզ տեսնելու եմ այնտեղ»:





























