Գեղարքունիքի մարզի բնակիչ Դավիթ Ավետիսյանը եղբորը տեսնելով գերեզմանոցի մոտ արնահոսելիս, անմիջապես տեղափոխում է Վարդենիսի հիվանդանոց եւ այնտեղ իրարանցում սարքում՝ կոտրելով հեռախոսը եւ այլ իրեր: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Դավիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբորը Կարապետ Ավետիսյանին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Վարդենիսի հիվանդանոցի ընդունարանում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, անհասցե հայհոյել, կոտրել է հիվանդանոցի ընդունարանի հեռախոսը, այնուհետեւ մտնելով Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունք, շարունակել է 10 րոպե տեւողությամբ անհասցե հայհոյել, քաշքշել, հրել է հոսպիտալի աշխատակից Գևորգ Վարդանյանին, կոտրել է հոսպիտալի հետվիրահատարանի դռան ապակին, դեղորայքի պահարանի ապակիները, մուտքի դռան բռնակը` պատճառելով հոսպիտալին 11.710 դրամի նյութական վնաս:
Նա իր ցուցմունքում պատմել է, որ եղբոր հետ հորեղբոր տղայի ծննդյան արարողությունից վերադառնալիս, եղբայրը խնդրել է իրեն իջեցնել գերեզմանատան մոտ: Նա եղբորն իջեցրել է ու գնացել տուն: Ժամը 23:30-ի սահմաններում գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, եղբայրը հեռախոսով իրեն հայտնել է, որ իր վիճակը վատ է եւ գտնվում է Վարդենիսի գերեզմանատան մոտ:
Դավիթն իր անձնական ավտոմեքենայով գնացել է եղբոր մոտ ու տեսնելով նրան արնահոսելիս, վերջինիս տեղափոխել է Վարդենիսի հիվանդանոց եւ բուժանձնակազմին խնդրել օգնել եղբորը:
Նա տեսնելով եղբորն անգիտակից վիճակում, հուզվել է եւ հիվանդանոցի ընդունարանի մոտ տասը րոպե անհասցե հայհոյանքներ է տվել, քանի որ բուժանձնակազմը դանդաղկոտություն էր ցուցաբերում: Նա պատմել է, որ Ամալյա Մանուկյանը փորձել է ընդունարանի հեռախոսով զանգահարել բժշկին, իսկ ինքը մտածել է, որ եղբորը շտապ օգնելու փոխարեն Ամալյա Մանուկյանը ոստիկանություն է զանգահարում: Նրա ձեռքից վերցնելով հեռախոսը հարվածել է գետնին եւ կոտրել այն, ապա եղբորը տեղափոխել են ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
Եղբորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Դավիթը հիվանդանոցի երրորդ հարկից դեպի հոսպիտալ տանող դռան մոտ հասնելով տեսել է, որ դուռը փակ է եւ օգնություն խնդրելով աղմկել, ձեռքով մի քանի անգամ հարվածել է դռանը: Մի քանի րոպե անց հոսպիտալի աշխատակից Գեւորգ Վարդանյանը բացել է դուռը եւ իրենք եղբորը տեղափոխել են հոսպիտալ, որի ընթացքում մուտքի դռան մոտ հրել է Գեւորգ Վարդանյանին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Հոսպիտալի բուժանձնակազմը սկսել է բուժօգնություն ցուցաբերել եղբորը, որը տեւել է մոտ 15 րոպե: Եղբորը նստեցրել են պատգարակի վրա եւ տեսնելով, որ նա արնահոսում է, գտնվելով նյարդայնացած վիճակում աղմկելով անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել եւ կոտրել հոսպիտալի միջանցքի դռան ապակին, մեկ այլ դռան փական եւ դեղորայքի պահարանի ապակիները, այնուհետեւ եղբորը տեղափոխել են Երեւան:
Դավիթ Ավետիսյանը հետագայում վերականգնել է Վարդենիսի հիվանդանոցին պատճառած վնասը, իսկ Վարդենիսի կայազորային հոսպիտալին պատճառած վնասը, որը կազմել է 11.710 ՀՀ դրամ, վճարել է համապատասխան հաշվեհամարին: Քննելով գործը դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել ամբաստանյալ Դավիթ Ավետիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ վերաքննիչ դատարանը Սեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ` Կ.Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ մեղադրող Կ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է եւ ենթակա չէ բողոքարկման:





























