Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստների նստացույցը, որը սկսվել է այսօր կեսօրից: Նստացույցի մասնակիցները պատրաստվում են գիշերել քաղաքապետարանի դիմաց:

Նրանք աստիճանների ու խոտերի վրա նստած հայրենասիրական երգեր են երգում ու կիթառ նվագում:

Հիշեցնենք, որ նրանք 7 կետից բաղկացած պահանջներ են առաջ քաշել: Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ուղեւորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ: Բացի այդ նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու եւ տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետեւ ժամանակավոր կասեցնելու համար։ Նաեւ պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ նշում, որ մինչեւ նրանք հրաժարական չտան, իրենք չեն հեռանա քաղաքապետարանի մոտից:

Նստացույցի մասնակիցները հայտարարել են, որ ոստիկանների հետ վիճաբանությունների մեջ չեն մտնելու, մաքուր են պահելու տարածքը եւ ալկոհոլ չեն օգտագործելու:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հուլիսի 20-ի որոշմամբ՝  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեին 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում էր առաջացրել Երեւանում, որը օր օրի սկսել էր թափ առնել: Սկսվել էր նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում էին:

Ի վերջո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց ուղեվարձի թանկացման որոշումը, սակայն շարժման ալիքը դեռ պահպանվում է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am