«Առավոտ» թերթի հետ զրույցում դիտարկմանը, որ ուղեվարձը կասեցնելու որոշմամբ ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ սկսվում, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հակադարձել է. ««Դե բնական է, եթե մարդիկ մտածում են, որ հաղթել են...

Յուրաքանչյուր մարդ, ով իր մեջ հաղթանակի իմիտացիա է ստեղծում, նաեւ շոկի մեջ է ընկնում։ Դա արդեն ես համարում եմ այլանդակ մոտեցում։ Սա ավելի շուտ համայնքային իշխանության եւ հասարակության միավորվելու առաջին փորձերից է,  քան որեւէ պահանջ ներկայացնելու կամ պահանջատիրության։  Իսկ դա նորմալ գնահատելի երեւույթ է։ Կարծում եմ, որ դեղնակտուցները կսովորեն առաջիկայում՝ Երեւանի ընտրյալ քաղաքապետը նաեւ ունկնդիր է իրենց առաջարկներին, Երեւան քաղաքի բնակչության խնդիրներին»։

Իսկ ընդհանրապես, պարոն Սահակյանը չի կարծում, որ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձը թակացնելը կասեցնելու որոշումը կարելի է հաղթանակ համարել, քանի որ գտնում է, որ դա տրանսպորտային համակարգը «անկում ապրելու» որոշում է՝ անսալով Երեւան քաղաքի բնակիչների մի փոքր խմբի առաջարկություններին։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ով պետք է փոխհատուցի այն 50 դրամները, որոնք մեր համաքաղաքացիներն այս օրերին վճարեցին։ «Նրանք, ովքեր 100, 200 հազար դրամներ էին վերցնում, որպեսզի կանգառներում միտինգներ կազմակերպեին»,- ասաց Գալուստ Սահակյանը։ Դրանք քաղաքական ուժե՞ր են, գործարար շրջանակնե՞ր՝ մեր այս հարցին Սահակյանն արդեն վրդովված հակադարձեց. «Ես քո դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ եւ ոչ էլ հարցաքննվող եմ, որ ասեմ՝ ով ինչ է անում, ոնց է անում։ Ես քաղաքական գաղափարախոսության հետեւանքների մասին եմ խոսում»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):